schultz lewis

1979 թվականին տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի են արժանացել Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր Թեոդոր Շուլցն (1902-1998) ու Փրինսթոնի համալսարանի պրոֆեսոր Արթուր Լյուիսը (1915-1991) «զարգացող երկրների խնդիրներին առնչվող տնտեսական զարգացման նորարարական հետազոտությունների համար»:

 

Գիտության մեջ Թեոդոր Շուլցի և Արթուր Լյուիսի կատարած ներդրումները լրացնում են միմյանց՝ ստեղծելով տնտեսական աճի, աղքատության ու գյուղատնտեսության տնտեսագիտության (ագրոտնտեսագիտություն) հիմնարար ուսումնասիրություն: Նրանք երկուսն էլ ունեն հետազոտական առարկայի շուրջ գործնական փորձ, կարևորում են փաստերն ու էմպիրիկ նյութը, թեման դիտում են պատմագետի հայացքով:

 

Ամերիկացի տնտեսագետ Թեոդոր Շուլցը ծնվել է Հարավային Դակոտայի նահանգի Արլինգտոն քաղաքում: Տասնչորս տարեկանում աշխատելով ընտանեկան ագարակում՝ Շուլցը սկսել է հետաքրքրվել գյուղատնտեսությամբ, որից հետո ընդունվել է Հարավային Դակոտայի պետական քոլեջ, ապա Վիսկոնսիի համալսարան: Հետագա տարիներին Այովա նահանգի քոլեջում դասավանդել է ագրոտնտեսագիտություն, ապա տեղափոխվել Չիկագոյի համալսարան, որտեղ անցկացրել է իր ակադեմիական կարիերայի մնացած մասը։

 

Շուլցի աշխատանքները հիմնականում վերաբերել են ամերիկյան գյուղատնտեսության ճգնաժամերին, ինչպես նաև զարգացող պետություններում մի շարք հիմնահարցերի: Ամենից յուրօրինակ աշխատանքը «Վերափոխելով ավանդական գյուղատնտեսությունը» գիրքն է (1964), որում Շուլցը գյուղատնտեսությունը դիտարկում է որպես ամբողջ տնտեսության անբաժանելի մաս՝ խուսափելով այլ ագրոտնտեսագետների՝ գյուղատնտեսությունը տնտեսությունից «մեկուսացնելու» սովորությունից:

 

Իսկ ինչո՞ւ է կարևոր ագրոտնտեսագիտությունը. պարզագույն բացատրությունը հենց Շուլցինն է, որը նա տվել է Նոբելյան մրցանակի դասախոսության առաջնամասում.

 

«Աշխարհի մարդկանց մեծ մասն աղքատ է, հետևաբար, եթե մենք իմանանք աղքատ լինելու տնտեսագիտությունը, մենք կիմանանք տնտեսագիտության մեծ մասը: Աշխարհի աղքատ մարդկանց մեծ մասն իր ապրուստը վաստակում է գյուղատնտեսության ոլորտում, հետևաբար, եթե մենք իմանանք գյուղատնտեսության տնտեսագիտությունը, մենք կիմանանք աղքատ լինելու տնտեսագիտության մեծ մասը»:

 

Ըստ Շուլցի՝ տնտեսագետների մեծ մասի կողմից հողը, որպես արտադրական ռեսուրս, անարդարացիորեն գերագնահատված է: Այն ընկալվում է որպես ֆիքսված տարածք, որի վրա կարելի է աճեցնել ֆիքսված ծավալի սնունդ, և որը, հետևաբար, ունակ չէ բավարարել «լեմինգների պես բազմացող» բնակչության կարիքները: Մինչդեռ, ինչպես ցույց տվեց ժամանակը, մարդն ունի կարողություն` նվազեցնելու իր կախվածությունը ավանդական գյուղատնտեսությունից և էներգիայի սպառվող աղբյուրներից: Եվ իհարկե Դավիթ Ռիկարդոն չէր կարող կանխատեսել, որ տարիների հետազոտությունների արդյունքում մարդիկ «հայտնագործելու են մշակաբույսերի փոխարինիչներ», իսկ Մալթուսի մտքով չէր կարող անցնել, որ «ծնողները նախընտրելու են ավելի քիչ երեխաներ ունենալ՝ որակի ու քանակի դիլեմայում ընտրելով որակը»: Իսկ հողն ինքնին ամենակարևորը չէ: Ուրեմն ինչպես գիտական, այնպես էլ հանրային քննարկման շրջանակներում արժե նվազեցնել հողի կարևորությունն ու ընդգծել մարդկային կապիտալի՝ հմտությունների ու գիտելիքի անհրաժեշտությունը:

 

Գյուղատնտեսության ոլորտում գործում են տնտեսագիտության ընդհանուր սկզբունքները, իսկ գյուղացիական արտադրողները սովորական տնտեսավարող սուբյեկտներ են, ովքեր առաջնորդվում են որոշակի տնտեսական խթաններով` ի հեճուկս այն կարծիքի, թե «միջին վիճակագրական մշակը անտարբեր է տնտեսական խթանների նկատմամբ, քանի որ պարզապես հավատարիմ է մշակության ավանդական եղանակներին»: Իսկ տնտեսական խթանները, օրինակ՝ պարենային ապրանքների գները զսպող քաղաքականությունը, բերքի և գյուղատնտեսական հողերի անհամաչափ հարկումը, ինչպես նաև ոլորտում հետազոտական ծառայություններին չաջակցելը, առավելապես կառավարության պատասխանատվության դաշտում են գտնվում: Վերջինս հանրային քաղաքականությունը մշակում է՝ հաշվի առնելով հատկապես քաղաքային բնակչության շահերը: Փաստորեն, քաղաքային բնակչությունը կարողանում է աղքատ գյուղացիական բնակչության հաշվին էժան սնունդ ձեռք բերել և տնտեսության մեջ գյուղատնտեսության ներդրումը պահել նվազագույնի վրա՝ այդկերպ նաև արդարացնելով այդ ոլորտի նկատմամբ կառավարության խտրական և անբարեհաճ վերաբերմունքը:

 

Շուլցը կառավարության ակտիվ քաղաքականության շրջանակներում դիտարկում է հատկապես գյուղատնտեսական հետազոտության ազգային ձեռնարկությունների հիմնումը: Նրա ուսումնասիրություններից պարզ է դառնում, որ արդեն վաղուց տնտեսության մեջ մարդկային կապիտալից ձեռքբերումները զգալիորեն ավելի մեծ են, քան ֆիզիկական կապիտալից: Եվ գյուղատնտեսության ոլորտում մարդկային կապիտալի պոտենցիալը հաշվի առնելով՝ ականավոր ագրոտնտեսագետը բարձր է գնահատել տնտեսական աճին նպաստելու գյուղատնտեսության պոտենցիալը, հանդես եկել զարգացող երկրների արդյունաբերականացման «մարմաջի» ու գյուղատնտեսության նկատմամբ անփութության քննադատությամբ: Շուլցի եզրահանգումներն ու բարձրաձայնումները նպաստել են մարդկային կապիտալի զարգացման ծրագրերի ֆինանսավորման հարցում միջազգային կառույցների, օրինակ՝ Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի ներգրավմանը:

 

Ըստ Շուլցի՝ մարդկային կապիտալի բաղադրատարրերից է առողջական կապիտալը: Հնդկաստանում Շուլցի և Ռեմի կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ առողջական կապիտալի բարելավումը մեծ նպաստ կարող է ունենալ գյուղատնտեսական աշխատանքի արտադրողականության աճի ուղղությամբ:

 

Կարևոր է նաև Շուլցի հայացքը ազատ շուկային, ինչպես առհասարակ, այդպես հատկապես գյուղատնտեսության ոլորտում: Մասնավորապես, տեսնելով արևմտագերմանական ու ճապոնական տնտեսությունների արագ վերականգնումը հետպատերազմական շրջանում՝ Շուլցը եզրակացրել է, որ Մարշալի պլանը փաստորեն վնասել է տեղական տնտեսություններին Եվրոպայում, քանի որ անվճար օգնությունը ամենավատ բանն է, որ կարելի է անել տնտեսության հետ, այն խաթարում է շուկայի մեխանիզմը՝ զսպելով գներն ու թույլ չտալով տեղական ֆերմերներին մրցել:

 

Արթուր Լյուիսը ծնվել է Կարիբյան ավազանի կղզիներից մեկում՝ Սենթ Լյուսիայի մայրաքաղաք Կաստրիսում: Լյուիսը արդեն 14 տարեկանում ավարտել է դպրոցը և սկսել աշխատանքային կարիերան կառավարությունում որպես քաղաքացիական ծառայող: Ապա սովորել է Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում, որն ավարտելուց հետո ստացել է պրոֆեսորի աստիճան Մանչեսթերի համալսարանում, ապա տեղափոխվել Փրինսթոնի համալսարան (ԱՄՆ), որտեղ մնացել է կյանքի հաջորդ տասնամյակներին:

 

Արթուր Լյուիսի առավել տպավորիչ աշխատանքներից է վերջին գիրքը՝ «Աճ և տատանումներ» (1978), որում ներկայացված է 1870-1913թթ. ընթացքում զարգացող և հետարդյունաբերական երկրներում զարգացման փոխազդեցությունը:

 

Լյուիսը հեղինակել է երկու տեսական-բացատրողական մոդելներ, որոնցից առաջինի հիմքում զարգացող տնտեսության երկակի (dual) բնույթն էր: Դրանում մի կողմից ավանդական մեթոդներով և ինքնաջակցման վրա հիմնված գյուղատնտեսությունն է, որում զբաղված է բնակչության մեծ մասը, մյուս կողմից՝ ժամանակակից, դեպի շուկա կողմնորոշված կապիտալիստական ոլորտը, որը զբաղվում է արդյունաբերական արտադրությամբ: Ընդ որում՝ տնտեսության շարժիչ ուժը բխում է երկրորդից, որն ընդլայնվում է ի հաշիվ գյուղատնտեսության ոլորտից եկող աշխատուժի անսահմանափակ առաջարկի: Այդ աշխատուժը, գալով արդյունաբերական արտադրության ոլորտ, ընդունում է ցածր վարձատրության պայմանները՝ հետևելով իր նախկին փորձին: Սա «կապիտալիստական» հատվածի գործատուներին թույլ է տալիս կատարել խնայողություններ (մի բան, որ ավանդական հատվածում տնտեսավարողները իրենց թույլ տալ չեն կարող), որոնցով կարող են ֆինանսավորել կապիտալի կուտակումը ընդլայնման նպատակով:

 

Լյուիսի մյուս մոդելը վերաբերում է զարգացող ու զարգացած պետությունների միջև, այսինքն՝ հումքի և արդյունաբերական ապրանքների առևտրի սկզբունքներին: Լյուիսը էմպիրիկ տվյալների հիման վրա նկատել է, որ զարգացող աշխարհում արտադրության աճի տեմպը կախված է զարգացած աշխարհում արտադրության աճի տեմպից: Այդ կապը ապահովվում է առևտրի միջոցով, ինչի արդյունքում՝ զարգացող երկրներում արդյունաբերական արտադրությունն ավելի արագ է աճում, և ՀՆԱ-ի իրական աճը զարգացող և զարգացած երկրներում գրեթե հավասարվում է: Սակայն հարցի բարդությունն այն է, որ միայն առևտուրը ունակ չէ երկարաժամկետում զարգացող երկրներում ապահովել ինքնապահպանվող իրական աճ: Իրական աճի տեմպը հնարավոր է պահպանել «ներքին ուժերի», այդ թվում՝ մարդկային կապիտալի շնորհիվ:

 

Լյուիսի մոդելը կարող է բացատրել նաև երկրներում աճի օրինաչափությունները, մասնավորապես՝ Ո-աձև աճը: Բանգլադեշի նման աղքատ երկրում աճը դանդաղ է, քանի որ արդյունաբերական ոլորտը փոքր է կամ բացակայում է, ուստի չկա խնայողությունների մեծ աղբյուր: Միջին եկամուտ ունեցող երկրների համար, ինչպիսիք են Կորեան և Թայվանը, աճը բարձր է, քանի որ արդյունաբերական ոլորտն աճում է և կլանում աշխատուժը ավանդական հատվածից, որտեղ այն թերզբաղված է: Բարձր եկամուտ ունեցող երկրների համար, ինչպիսին ԱՄՆ-ն է, աճն ավելի դանդաղ է, քանի որ ավանդական հատվածի աշխատուժը գրեթե ամբողջությամբ կլանված և շահագործված է:

 

Լյուիսի մոդելը, բացահայտելով զարգացող երկրներում թերզարգացման ու աղքատության էական պատճառները, արժանացել է գովաբանության և քննադատության՝ սկիզբ դնելով լայն գիտական բանավեճի: Շատ տնտեսագետներ այս մոդելը կիրառել են որպես հիմք բացատրելու Չինաստանի վերջին տասնամյակների անսովոր տնտեսական զարգացումը:

Կիսվել

Ընթերցեք նաև

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

ACSES-ը վերլուծական կենտրոն է, որի նպատակն է օժանդակել հանրային քաղաքականության մշակմանը սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների միջոցով։

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

© 2021 | Բոլոր իրավունքները պաշտպանված են