Արդյո՞ք Հայաստանն ունի թուրքական ապրանքների կարիքը։ Թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքի վերացումից հետո Թուրքիայից ներմուծումը արագ տեմպերով աճում է, ինչը վկայում է, որ այս պահին հայ գործարարների համար դեռևս ավելի շահավետ այլընտրանք չկա։ Այս հոդվածում մենք փորձ ենք արել ներկայացնելու թուրքական ապրանքների ներմուծման դինամիկան և կառուցվածքը։
Արցախյան 44-օրյա պատերազմում Ադրբեջանի ահաբեկչական գործողություններին Թուրքիայի աջակցության հետ կապված ՀՀ կառավարությունը 2020թ․ հոկտեմբերին որոշել է 2021թ-ի հունվարի 1-ից ժամանակավոր (6-ամսյա ժամկետով) արգելել թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծումը Հայաստան՝ բացառությամբ առանձին ապրանքների և դեպքերի։ Վեցամսյա ժամկետի լրացումից հետո կառավարությունը երկարաձգել է արգելքը ևս վեց ամսով՝ մինչև 2021-ի ավարտ, որից հետո քաղաքական բարի կամքի նպատակով որոշումը չի երկարաձգվել, արդյունքում 2022թ-ի հունվարից հնարավոր է դարձել առանց սահմանափակումների Հայաստան ներմուծել թուրքական ծագման ապրանքներ։
- «վերամշակում` մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգերով ներմուծվող ապրանքների վրա,
- այն ապրանքների վրա, որոնց մասով մատակարարման պայմանագրերը կնքվել են մինչև 2020-ի հոկտեմբերի 20-ը,
- այն ապրանքների վրամ,որոնք նախատեսված են հաճախորդների երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում իրականացնելու համար,
- ՀՀ-ում մշտական բնակության տեղափոխված անձ ճանաչված ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների վրա,
- ՀՀ-ից այլ երկրներ հետագա արտահանման ենթակա (այդ թվում՝ ԵԱՏՄ երկրներ) ԱՏԳ ԱԱ 07 (բանջարեղեն), 08 (մրգեր) ապրանքային խմբերին դասվող
Ի՞նչ էր Հայաստանը ներմուծում Թուրքիայից մինչկորոնավիրուսյան ու մինչպատերազմյան շրջանում
Հայաստան ներմուծվող ապրանքների շուրջ 5%-ը ունեին թուրքական ծագում (2016-20 տարեկան միջինը)։ Հայաստանը Թուրքիայից ներմուծում էր ամենատարբեր ապրանքներ սկսած հագուստից և կոշկեղենից, մինչև սալօջախներ, վառարաններ և մրգեր։ Ընդ որում, որքանով էլ դա կարող է զարմանալի թվալ, բայց նշված ապրանքների մասով Հայաստանի համար Թուրքիան հանդիսանում էր կարևոր ներմուծող, որոշ ապրաքների դեպքում նույնիսկ գլխավոր ներմուծողը։ Օրինակ 2016-2020 տարիների ընթացքում միջինում տարեկան Հայաստան ներմուծված հագուստի (HS 61, HS 62) շուրջ 25%-ը և կտորների ու թելերի (HS 50-56, HS 58-60) 27.4%-ը ունեին թուրքական ծագում, ընդ որում որոշ տեսակի գործվածքների դեպքում Թուրքիայի բաժինը ներմուծման մեջ հասնում էր մինչև 80% և ավելի: Թուրքիան նաև հանդիսանում էր Հայաստան ներմուծվող ցիտրուսային մրգերի (նարինջ, մանդարին) հիմնական մատակարարներից մեկը․ այս մրգերի կեսից ավելին (միջին տարեկան 55.2%) ներմուծվում էր Թուրքիայից։
Ինչպե՞ս է փոխվել առեվտուրը 2021-ին՝ արգելքի կիրառումից հետո
Արգելքի կիրառումից հետո 2021թ․ հունվար-դեկտեմբերին Թուրքիայից Հայաստան ներմուծումը կրճատվել է մոտ 70%-ով, ընդ որում կրճատվել է ինչպես ժամանակավոր արգելված (-92%-ով), այնպես էլ թույլատրելի ապրանքների ներմուծումը (-39%-ով)։ Այսպես, 2021թ-ին Հայաստանը ներմուծել է մոտ $73 մլն թուրքական ծագման ապրանքներ՝ 2020-ի $230 մլն-ի փոխարեն։
Թուրքական ծագում ունեցող ապրանքների ժամանակավոր արգելքի կիրառումից հետո 2021թ-ին Թուրքիայից Հայաստան արգելված ապրանքների ներմուծման մեջ ամենամեծ անկումը գրանցվել է տրիկոտաժե հագուստի առարկաներ (HS 6114 90), նավթամթերք (HS 2710 19) ու լվացող և մաքրող միջոցներ ապրանքախմբերի գծով (HS 3402 20)՝ համապատասխանաբար $14.2 մլն, $5.2 մլն և $4.7 մլն։ Ընդ որում, Տրիկոտաժե հագուստի առարկաների ներմուծումը կրճատվել է ինչպես Թուրքիայից, այնպես էլ այս ապրանքը ներմուծող այլ հիմնական գործընկեր երկրներից։ Նավթ և նավթամթերքի դեպքում, եթե ներմուծումը Թուրքիայից կրճատվել է (-$ 5.2 մլն), ապա Ռուսաստանից ներմուծումը աճել է (+$ 71 մլն): Լվացող և մաքրող միջոցների դեպքում, եթե Թուրքիայից ներմուծումը կրճատվել է $4.7 մլն-ով, ապա Ռուսաստանից աճել է $ 6 մլն-ով։ Այստեղ պետք է հաշվի առնել, որ այլ ներմուծող երկրներից նշված ապրանքների ներմուծման աճը կարող է պայմանավորած լինել ինչպես թուրքական ծագման ապրանքների փոխարինմամբ, այնպես էլ այլ հանգամանքներով։
2021 թ-ի դեկտեմբերի 30-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը հայտնեց, որ միջգերատեսչական քննարկումների արդյունքում որոշում է կայացվել այլևս չերկարաձգել թուրքական ապրանքների ներմուծման արգելքը։
Ինչպե՞ս է փոխվել առեվտուրը 2022-ին՝ արգելքը հանելուց հետո
Այս տարվա հունվար-ապրիլին Հայաստանի ներմուծումը Թուրքիայից նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է շուրջ 4 անգամ` $ 14 մլն-ից հասնելով $59 մլն-ի։ Ընդ որում 2021-ին արգելված ապրանքների ներմուծումը աճել է շուրջ 9 անգամ՝ $3.2 մլն-ից հասնելով $ 28.5 մլն-ի, իսկ այն ապրանքների ներմուծումը, որ չէր արգելվում 2021-ին աճել է շուրջ 3 անգամ՝ $ 10.4 մլն-ից հասնելով $ 30.2 մլն-ի։
Թուրքական ծագում ունեցող ապրանքների ժամանակավոր արգելքի կիրառումից հետո 2021թ․ հունվար-դեկտեմբերին Թուրքիայից Հայաստան արգելված ապրանքների ներմուծման մեջ ամենամեծ անկումը արձանագրած տասը ապրանքների ներմուծումը 2022թ․ հունվար-ապրիլին աճել է 26.2 անգամ։ Չնայած արգելքը ուժի մեջ էր 2021թ-ի հունվարից, այս տասը ապրանքների մասով 2021թ․ հունվար-ապրիլին իրականացվել էր $ 200.6 հազար ներմուծում, իսկ 2022-ի հունվար-ապրիլին՝ $ 5.2 մլն։ Այս ապրանքներից 2022-ի առաջին չորս ամիսներին առանձնահատուկ մեծ չափով աճել են լվացող և մաքրող միջոցների, վառարանների, էլեկտրական սալօջախների, կանանց հիգիենիկ պարագաների ներմուծման ծավալները։
Ի՞նչ է հիմնականում Հայաստանը ներմուծել Թուրքիայից այս տարվա հունվար-ապրիլին
2022-ի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանը Թուրքիայից ներմուծել է հիմնականում տարբեր տեսակի գործվածքներ (տրիկոտաժե` $ 1.8 մլն, բամբակե՝ $ 768.4 հազար), ցիտրուսային մրգեր՝ մանդարին ($ 1.5 մլն), նարինջ ($ 720.6 հազար), կիտրոն ($ 707.2 հազար), ալյումինե ձողեր ($ 1.5 մլն), փայտամանրաթելային ($ 1.1 մլն) և փայտատաշեղային սալեր ($ 961.6 հազար) և այլն։
Այսպիսով, թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքի վերացումից հետո այս տարվա առաջին չորս ամիսների ընթացքում Հայաստանի ներմուծումը Թուրքիայից աճել է շուրջ 4 անգամ, այդ թվում 2021-ին արգելված ապրանքների ներմուծումը աճել է շուրջ 9 անգամ, ինչը ցույց է տալիս, որ հայ գործարարները արագ տեմպերով վերադառնում են թուրքական ապրանքների ներմուծմանը։ Թուրքիան Հայաստանին մատակարարում է ինչպես հումք՝ օրինակ տեքստիլ արդյունաբերության համար, այնպես էլ մեծ քանակությամբ մրգեր և կենցաղային իրեր։