capital expenses
ՀՀ 2022թ. պետական բյուջեի կապիտալ ծախսերը կազմել են 389.1 միլիարդ դրամ: Կառավարությանը հաջողվել է մեծացնել կապիտալ ծախսերի ծավալը, ինչի արդյունքում նախորդ տարվա նկատմամբ կապիտալ ծախսերը աճել են 78.2%-ով։ Թեպետ փաստացի ծախսերը գերակատարվել են նախնական պլանի համեմատ 11%-ով, սակայն արտաքին աղբյուրների հաշվին իրականացվող կապիտալ ծախսերի թերակատարման խնդիրը շարունակում է արդիական մնալ։

Պետական բյուջեի կապիտալ ծախսերը աճում են, կատարողականը՝ բարելավվում

2022-ին ՀՀ կառավարությանը հաջողվել է մեծացնել կապիտալ ծախսերի ծավալը և բարելավել կատարողականը: Նախորդ տարվա համեմատ կապիտալ ծախսերի ընդհանուր ծավալը ավելացել է աննախադեպ 78%-ով կամ 170.7 մլրդ դրամով՝ կազմելով 389.1 մլրդ դրամ։ Կապիտալ ծախսերի աճը հիմնականում պայմանավորված էր պաշտպանության ոլորտում կատարված ծախսերի աճով․ այս ոլորտում կապիտալ ծախսերը նախորդ տարվա համեմատ աճել են 129.6 մլրդ դրամով։ 2022թ-ին կատարված փաստացի պետական կապիտալ ծախսերը գերազանցել են կառավարության նախնական պլանը շուրջ 11%-ով։

Կապիտալ ծախսերը (ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսեր) ներառում են արտաքին և ներքին աղբյուրներից ֆինանսավորման հաշվին դպրոցների, հիվանդանոցների, այլ շենք-շինությունների, ճանապարհների շինարարությունը և վերանորոգումը, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռքբերումը, պահպանումն ու հիմնանորոգումը:

2022-ին ավելացել է նաև պետական բյուջեի ծախսերի կառուցվածքում կապիտալ ծախսերի կշիռը՝ կազմելով  շուրջ 17%, մինչդեռ 2021-ին 11%-ից էլ պակաս էր:

Ինչին են ուղղվում կապիտալ ծախսերը

Կառավարության 225 միջոցառման շրջանակներում իրականացվել են կապիտալ ծախսեր։ Ծախսերի հիմնական մասը 2022-ին կատարվել է պաշտպանության ոլորտում՝ 237 մլրդ դրամ կամ ընդհանուր ծախսերի 61%-ը, ընդ որում՝ տպավորիչ է եղել նաև փաստացի կատարողականը նախնական պլանի նկատմամբ՝ 195% կամ գրեթե կրկնակի։ Ծախսերի մեծությամբ հաջորդում են ճանապարհաշինության (68 մլրդ դրամ կամ ծախսերի 18%-ը) և կրթության (23 մլրդ դրամ կամ ծախսերի 6%-ը) ոլորտները։

 

Կապիտալ ծախսերի գծով խոշոր ոլորտներից 2021-ի նկատմամբ հատկապես մեծ աճ ունեցել է պաշտպանության ոլորտը՝ 129.6 մլրդ դրամով կամ 2.2 անգամ, ճանապարհաշինությունը՝ 14.8 մլրդ դրամով կամ 28%-ով, կրթության ոլորտը՝ մոտ 10 մլրդ դրամով կամ 77%-ով, իսկ ոստիկանության գործունեությանն ուղղված կապիտալ ծախսերը 2022-ին աճել են շուրջ 4.4 անգամ կամ 8.6 մլրդ դրամով։

Ինչպես են ֆինանսավորվել կապիտալ ծախսերը

Վերջին հինգ տարիների ընթացքում փոխվել է կապիտալ ծախսերի ֆինանսավորման կառուցվածքը. եթե 2018-ին կապիտալ ծախսերի 45%-ը ֆինանսավորվել էր արտաքին, իսկ 55%-ը՝  ներքին աղբյուրներից, ապա 2022-ին արտաքին ֆինանսավորմանը բաժին է ընկել 14%, իսկ ծախսերի առյուծի բաժինը՝ 86%-ը ֆինանսավորվել է ներքին միջոցների հաշվին:

Արտաքին ֆինանսավորմամբ կապիտալ ծախսերի գծով 3 ամենախոշոր միջոցառումներն են Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) աջակցությամբ իրականացվող դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավումը (8 մլրդ դրամ վարկ), ԱԶԲ աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ միջանցքի զարգացման ծրագրի տրանշ 3-ը (5․4 մլրդ դրամ վարկ) և ԱԶԲ աջակցությամբ իրականացվող  Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհի ծրագրի կառուցումն ու հիմնանորոգումը (4․1 մլրդ դրամ վարկ)։

 

Թեպետ 2022-ին կապիտալ ծախսերի փաստացի կատարողականը գերակատարված է, սակայն արտաքին միջոցների՝ օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված միջոցների հաշվին իրականացվող կապիտալ ծախսերի թերակատարումը շարունակվում է։ Մասնավորապես 2022-ին արտաքին ռեսուրսների հաշվին իրականացված փաստացի կապիտալ ծախսերը  կառավարության նախնական պլանի համեմատ թերակատարվել էին 58.6%-ով, իսկ ճշտված պլանի նկատմաբ՝ 18.4%-ով։ Ավելին, թերակատարման մակարդակը վատթարացել է  նախորդ տարվա համեմատ. 2021-ին արտաքին ռեսուրսների հաշվին իրականացված կապիտալ ծախսերը նախնական պլանի համեմատ թերակատարվել էին 3.2%-ով, իսկ ճշտված պլանի համեմատ՝ 11.7%-ով: Հարկ է նշել, որ 2022-ին արտաքին  աղբյուրներից ֆինանսավորվող կապիտալ ծախսերի գծով թերակատարումը մասամբ պայմանավորված է եղել արտարժույթի արժեզրկմամբ: Որոշ դեպքերում միջազգային դոնորների պլանները փոփոխվել են հավանաբար պայմանավորված աշխարհաքաղաքական զարգացումներով, օրինակ՝ ԵՄ ֆինանսավորմամբ ի սկզբանե պլանավորված մի շարք միջոցառումներ, ինչպես օրինակ ուսումնական հաստատությունների, առողջապահական կազմակերպությունների կառուցումը ու վերակառուցումը, չեն իրականացվել։ Չեն իրականացվել նաև Եվրասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ միջանցքի զարգացման ծրագիրը, Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարման ծրագրի շրջանակներում ջրային տնտեսության ենթակառուցվածքների հիմնանորոգումը և այլ ծրագրեր։

 

Սույն հոդվածը պատրաստվել է Սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների հայկական կենտրոնի (ACSES)  կողմից «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության աջակցությամբ՝ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող Արևելյան գործընկերության համար ԵՄ բարեվարքության ծրագրի շրջանակում։ Դրա բովանդակությունը բացառապես Սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների հայկական կենտրոն (ACSES)  վերլուծական կենտրոնի պատասխանատվությունն է և պարտադիր չէ, որ արտացոլի ԲԿԳ կամ ԵՄ հայացքները։

Կիսվել

Ընթերցեք նաև

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

ACSES-ը վերլուծական կենտրոն է, որի նպատակն է օժանդակել հանրային քաղաքականության մշակմանը սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների միջոցով։

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

© 2021 | Բոլոր իրավունքները պաշտպանված են