1980 թվականին տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի է արժանացել Փենսիլվանիայի համալսարանի պրոֆեսոր Լոուրենս Ռ. Քլեյնը (1920-2013թթ․) «տնտեսական մոդելների ստեղծման և ցիկլային տատանումների ու տնտեսական քաղաքականության վերլուծության մեջ դրանց կիրառման համար»:
Նա առաջին տնտեսագետներից էր, ով օգտագործել է տեխնոլոգիական առաջընթացի և համակարգչային հեղափոխության ընձեռած հնարավորությունները խոշոր տվյալների շտեմարանների ստեղծման, կառավարման, դրանց հետազոտության հիման վրա տնտեսության մոդելավորման, կանխատեսումների և քաղաքականության ազդեցության գնահատումների իրականացման համար։
Քլեյնը ծնվել է 1920 թ-ին Նեբրասկա նահանգի Օմահա քաղաքում։ Վաղ տարիքից հետաքրքրություն է ցուցաբերել մաթեմատիկայի և տնտեսագիտության նկատմամբ: Նա 1942 թ-ին ստացել է բակալավրի աստիճան Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանից և 1944 թ-ին դոկտորի աստիճան Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտից, որտեղ նրա գիտական ղեկավարն էր Փոլ Սամուելսոնը։ Ուսումն ավարտելուց հետո Քլեյնը սկսել է աշխատել Չիկագոյի համալսարանում, որտեղ ԱՄՆ տնտեսության համար կառուցել է էկոնոմետրիկ մոդել գնահատելու համար պետական ծախսերի, հարկերի և քաղաքականության այլ փոփոխությունների ազդեցությունը տնտեսության վրա։ Քլեյնը իր առջև խնդիր էր դրել ստեղծել այնպիսի մոդելներ, որոնք կարող էին ոչ միայն նկարագրել տնտեսական երևույթները, այլ նաև օգնել կանխատեսել տնտեսական իրադարձությունների հետագա զարգացումները։ 1946թ-ին կար տարածված կարծիք, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո ԱՄՆ տնտեսությունը կհայտնվի խորը տնտեսական ճգնաժամի մեջ, սակայն Քլեյնը օգտագործել է իր ստեղծած մոդելը հակառակը ցույց տալու համար․ նա պնդում էր, որ պատերազմի ընթացքում կուտակված պահանջարկը, պատերազմից վերադարձած զինվորների վճարունակությունը, մասնավոր ներդրումները կկանխեն խորը ճգնաժամը։
Հաջորդող տարիներին Քլեյնը ներգրավված է եղել ԱՄՆ և համաշխարհային տնտեսության մոդելավորման մի քանի ծրագրերում, որոնցից ամենանշանավորներն են՝
1. Բրուքինգսի մոդելը (Brookings model)
1959 թ-ին 19 տնտեսագետներ հանդիպեցին Միչիգանի համալսարանում՝ քննարկելու վերջին տարիների ԱՄՆ տնտեսության անկայունությունը: Եռօրյա քննարկումները հանգեցրին Հասարակական գիտությունների հետազոտությունների խորհրդի (անգլ․՝ Social Science Research Council) ստեղծմանը, որի առաջին նախագիծը ԱՄՆ տնտեսության մոդելավորումն էր։ Ավելի քան 20 տնտեսագետներից կազմված աշխատանքային խումբը ղեկավարում էին Քլեյնը և Ջեյմս Ս․ Դյուզենբերին։ 1961-1963 թվականներին շարունակվող աշխատանքի արդյունքում ստեղծվեց Քլեյնին մեծ հռչակ բերած ԱՄՆ տնտեսության իր ժամանակի ամենամեծ մակրոտնտեսական մոդելը, որը օգնում էր երկրի տնտեսության վերաբերյալ կարճաժամկետ կանխատեսումներ իրականացնել: Մոդելը կառուցելու համար օգտագործվել էին ԱՄՆ տնտեսության բոլոր հատվածների վերաբերյալ լայնածավալ տվյալներ և նորարար մոտեցումներ, ինչը հնարավորություն էր տալիս տնտեսագետներին ուսումնասիրել ԱՄՆ իրական տնտեսությունը, այնինչ մինչ այդ, տնտեսական մոդելները հիմնականում կրում էին տեսական բնույթ կամ առնչվում էին տնտեսության առանձին հատվածներին։ 1963 թ-ին այս մոդելը հանձնվեց Բրուքինգսի ինստիտուտին հետագա մշակման և շարունակականության ապահովման համար ու հայտնի դարձավ Բրուքինգսի եռամսյակային մոդել անվանմամբ (անգլ․՝ Brookings quarterly model)։
2. Էկոնոմետրիկ կանխատեսումների Ուորթոն մոդելը (Wharton Economic Forecasting Model)
Բրուքիգսի մոդելը մշակելուց որոշ ժամանակ անց Քլեյնը սկսեց աշխատել ԱՄՆ տնտեսության մեկ այլ էկոնոմետրիկ մոդելի վրա։ Էկոնոմետրիկ կանխատեսումների Ուորթոնի մոդելը չնայած ավելի փոքր էր, քան Բրունքինգս մոդելը այնուամենայնիվ լայն տարածում գտավ գործարար միջավայրի վերլուծություններում և մեծ համբավ էր վայելում մասնավոր, պետական և գիտական շրջանակներում։ 1960-ականներից ի վեր այս մոդելը մի քանի անգամ վերանայվել է և ընդհուպ մինչև 2000-ականները կիրառվում էր ԱՄՆ տնտեսության վերաբերյալ կանխատեսումներ և ուսումնասիրություններ իրականացնելու համար։ Այն ընդգրկում էր ավելի քան հազար հավասարումներ, որոնք լուծվում էին համակարգիչների միջոցով, և օգտագործվում էր համախառն ներքին արդյունքի, արտահանման, ներդրումների և սպառման վերաբերյալ կանխատեսումներ իրականացնելու համար։
3. LINK մոդելը
1960-ականների վերջին ԱՄՆ տնտեսության ներգրավվածությունը համաշխարհային տնտեսության մեջ աճում էր և Քլեյնը, գիտակցելով, որ հնարավոր չէ ուսումնասիրել ԱՄՆ տնտեսությունը առանց համաշխարհային տնտեսությունը մանրամասն ուսումնասիրելու, մշակեց մոդել, որը կօգներ հասկանալ, թե ինչպես են տարբեր տնտեսություններ ազդում միմյանց վրա: Նա նախաձեռնեց LINK միջազգային հետազոտական նախագիծը, որը միավորում էր աշխարհի խոշոր տնտեսությունների մոդելները և հնարավորություն էր տալիս տարբեր երկրներից տնտեսագետների վերլուծել, թե ինչպես մի երկրի տնտեսական զարգացումները կարող են ազդել այլ երկրների վրա։ Տարիների ընթացքում LINK մոդելը ծառայել է տարբեր տնտեսական ուսումնասիրություններ իրականացնելու համար, ինչպես օրինակ նավթի համաշխարհային շուկայում 1970-ականների ցնցումների ազդեցության և սակագնային ու ոչ սակագնային խոչընդոտների վերացման հետևանքների վերաբերյալ։ Այս մոդելը քաղաքականություն մշակողներին և միջազգային կազմակերպություններին տրամադրել է գործիքներ, որոնք օգնում էին գնահատել տարբեր տնտեսական որոշումների հետևանքները: Այսօր LINK մոդելը շարունակում է գործել ՄԱԿ-ի հովանու ներքու և միավորում է մոտ 80 երկրներ։
Քլեյնը անգնահատելի ներդրում է ունեցել էկոնոմետրիկայի զարգացման գործում՝ տնտեսական մոդելները դարձնելով ավելի ճշգրիտ և օգտակար իրական տնտեսական գործընթացները կանխատեսելու համար։ Նրա աշխատանքը ոչ միայն բարելավեց մակրոտնտեսագիտության բնագավառը, այլ նաև ցույց տվեց, թե ինչպես կարող է էկոնոմետրիկան օգնել տնտեսական քաղաքականության որոշումների կայացմանը: Քլեյնի էկոնոմետրիկ մոդելները շարունակում են կարևոր գործիք լինել տնտեսագետների համար, և նրա ժառանգությունը պահպանվում է ակադեմիական և պետական կառավարման ոլորտում: