science funding

2022թ-ի Հայաստանի պետական բյուջեից գիտության ֆինանսավորմանն է ուղղվել շուրջ 25.2 միլիարդ դրամ, որը համարժեք է երկրի ՀՆԱ 0.3%-ին։  Նախորդ տարվա համեմատ գիտության ոլորտի պետական ֆինանսավորումը ավելացել է 54%-ով, սակայն կառավարությանը դեռ չի հաջողվում ամբողջ մասշտաբով իրականացնել գիտության ոլորտում պլանավորած ծրագրերը։

Արդյո՞ք կառավարությունը իրականացնում է պլանավորած ծախսերը

 

Ի սկզբանե, կառավարությունը պլանավորել էր 2022թ-ին գիտության ոլորտին հատկացնել շուրջ 30.5 միլիարդ դրամ, սակայն տարվա ընթացքում բյուջեն կրճատվել է, և ըստ վերանայված բյուջեի՝ գիտության գծով ծախսերը պետք է կազմեին 25.3 միլիարդ դրամ:

 

Կառավարությունը տարեսկզբին նախատեսում էր 2022թ-ին ԵՄ աջակցությամբ իրականացվող դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ստեղծել գիտության ոլորտում համատեղ օգտագործման և/կամ գերազանցության կենտրոններ (2.5 միլիարդ), որը հանդիսանում էր գիտության ոլորտի ամենախոշոր ծրագրերից մեկը, սակայն տարվա ընթացքում այս միջոցառումը ամբողջովին հանվել է բյուջեից։ Համաձայն ԿԳՄՍ նախարարության՝ միջոցառումը չի իրականացվել քանի որ ԵՄ-ից ֆինասավորում չի ստացվել, իսկ թե ինչու ԵՄ-ն չի ֆինանսավորել, պատասխանատու մարմիններից հրապարակային պարզաբանումներ չկան։

 

Նմանապես, տարեսկզբին կառավարությունը նախատեսում էր պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական նպատակային հետազոտությունների համար հատկացնել 5.2 միլիարդ դրամ, սակայն միջոցառումը վերանայվել է, և արդյունքում փաստացի ծախսերը կազմել են շուրջ 3 միլիարդ դրամ կամ 1.8 անգամ պակաս սկզբնական պլանից։  Պետք է նշել, որ սա առաջին տարին չէ, որ կառավարությունը ձախողում է ամբողջովին իրականացնել պաշտպանության բնագավառում հանձն առած գիտական և գիտատեխնիկական հետազոտությունները։ Վերջին չորս տարիների ընթացքում փաստացի այս միջոցառման վրա ծախսվել է ավելի քիչ, քան ի սկզբանե պլանավորված է եղել։ Ավելին, նախապատերազմական 2019թ-ին այս միջոցառման գծով փաստացի ծախսեր բոլորովին չեն կատարվել։

Ինչի՞ վրա է ծախսվել գիտության պետական բյուջեն 2022թ-ին

Համաձայն 2022թ-ի Հայաստանի պետական բյուջեի նախագծի՝ գիտության ոլորտում նախատեսվում էր իրականացնել 17 միջոցառում, որից  ամբողջովին իրականացվել է 10-ը, թերակատարվել է 6-ը և չի իրականացվել մեկ միջոցառում։

 

Իրականացված 16 միջոցառումներից 5-ին բաժին է ընկել ընդհանուր ծախսերի շուրջ 92%-ը։

Գիտության գծով ծախսերի շուրջ կեսը` 12.5 մլրդ դրամ, բաժին է ընկել «Գիտական ենթակառուցվածքի արդիականացում» միջոցառմանը, որը ենթադրում է գիտական կազմակերպությունների և բուհերի գիտական ստորաբաժանումների  զարգացում, գիտական սարքավորումների արդիականացում, միջազգային համագործակցության աջակցություն։ Ընդ որում, այս միջոցառման գումարի մեջ ներառված է նաև գիտաշխատողների աշխատավարձի աստիճանական բարձրացմանն ուղղվող պետական ծախսերը։ Նախորդ տարվա համեմատ այս միջոցառման ծախսերն աճել են շուրջ 55%-ով կամ 4.4 մլրդ դրամով, ինչը պայմանավորված էր հենց գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացմամբ։ Հիշեցնենք, որ Կառավարությունը հանձն է առել 2022–2025թթ ընթացքում աստիճանաբար ավելացնել գիտաշխատողների աշխատավարձը։

 

Հաջորդ խոշոր միջոցառումը «Գիտական և գիտատեխնիկական պայմանագրային (թեմատիկ) հետազոտություններ» միջոցառումն է, որին բաժին է ընկել գիտության գծով ծախսերի 23%-ը կամ 5.8 մլրդ դրամ։ Միջոցառման շրջանակներում պետական բյուջեից ֆինանսավորվել է 564 գիտական թեմա՝  ի սկզբանե կանխատեսված 486-ի և 2021թ-ի 500-ի դիմաց: Նախորդ տարվա համեմատ այս միջոցառման ծախսերն աճել են շուրջ 69%-ով կամ 2.4 մլրդ դրամով:

 

Գիտության գծով ծախսերի 12%-ը կամ 3 մլրդ դրամը բաժին է ընկել պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական նպատակային հետազոտություններին: Նախորդ տարվա համեմատ այս միջոցառման ծախսերն աճել են 2.5 անգամ կամ 1.8 մլրդ դրամով: Այնուամենայնիվ, գիտական համայնքը շարունակում է դժգոհ լինել այս ուղղությամբ իրականացվող պետական քաղաքականությունից։ Խնդիրն այն է, որ, ինչպես նշվեց վերևում, կառավարությունը վերջին տարիներին անընդհատ կրճատում է այս միջոցառման համար սկզբնապես նախատեսված բյուջեն՝ պարզաբանելով, որ ոլորտում առկա է գիտատեխնիկական և փորձակոնստրուկտորական աշխատանքներ իրականացնելու ներուժի պակաս։ Գիտական համայնքի և մասնավոր հատվածի ներկայացուցիչները գտնում են, որ կառավարությունը ոլորտին ուղղվող միջոցները կրճատելու փոխարեն պետք է ակտիվ քաղաքականություն իրականացնի գիտահետազոտական ներուժի զարգացման համար և ավելի պրոակտիվ դեր գրավի ոլորտում զուտ դրամական միջոցները վերաբաշխելու փոխարեն։

 

Արդյո՞ք Հայաստանում գիտության պետական ֆինանսավորումը քիչ է

Գիտության ոլորտի զարգացումը անկյունաքարային է տնտեսության զարգացման և հասարակության բարեկեցության համար։ Եվ չնայած աշխարհի ամենանորարար երկրներում գիտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների վրա կատարվող ծախսերի գերակշիռ մասն իրականացվում է մասնավոր ընկերությունների կողմից, պետության կողմից գիտության ոլորտի ֆինանսավորումը կարևոր նշանակություն ունի։ Հաշվի առնելով, որ գիտության ոլորտում իրականացվող աշխատանքների հաջողությունը շատ հաճախ անկանխատեսելի է ու հետևաբար ռիսկային, պետությունը կարևոր դեր ունի գիտությունից բիզնես ռիսկերի նվազեցման, ինչպես նաև երկրում գիտական ներուժի ձևավորման ու զարգացման գործում։

2022թ-ի Հայաստանի պետական բյուջեից գիտության ֆինանսավորմանն է ուղղվել շուրջ 25.2 միլիարդ դրամ, որը համարժեք է երկրի ՀՆԱ 0.3%-ին։ Այս ցուցանիշով Հայաստանը գերազանցում է  Վրաստանին (0.2%), Ադրբեջանին (0.2%), Բելառուսին (0.2%), սակայն զիջում է Լեհաստանին (0.5%), Սլովենիային (0.5%), Էստոնիային (0.7%), ինչպես նաև ԵՄ երկրների միջինին (0.8%)։ 

 

Հարկ է նշել, որ այստեղ կարևոր է հաշվի առնել ոչ միայն գիտության ոլորտին հատկացվող պետական ֆինանսավորման մեծությունը, այլև թե ինչ ուղղություններով են գումարները ծախսվում։ Օրինակ, Բելառուսը չնայած փոքր ինչ զիջում է Հայաստանին, այնուամենայնիվ այստեղ ֆինանսավորման մեջ մեծ է հիմնարար գիտական հետազոտությունների և փորձակոնստրուկտորական աշխատանքներին հատկացվող գումարները, այլ կերպ ասած գիտական ծրագրերի ֆինանսավորումը, և ոչ թե աշխատավարձերի վճարմանը կամ ենթակառուցվածքներին ուղղվող ծախսերը։ Նույնը նաև վերաբերում է եվրոպական երկրներին։ ԵՄ  երկրներում կառավարությունները գիտության ոլորտի ֆինանսավորման ծախսերում առաջնահերթություն են տալիս արհեստական բանականության, տվյալների, թվային տեխնոլոգիաների ոլորտում հետազոտական ծրագրերի իրականացմանը։

 

Ամփոփելով պետք է նշել, որ թեև 2022թ-ին Հայաստանում գիտության պետական ֆինանսավորման գծով ծախսերը նախորդ տարվա համեմատ 54%-ով աճել են, փաստացի կատարողականը սկզբնական պլանավորածի համեմատ եղել է մոտ 83%։ Շնորհիվ գիտության ֆինանսավորման զգալի աճի,  2022թ-ին գիտության պետական ֆինանսավորման մակարդակով Հայաստանը գերազանցել է թե՛ Վրաստանին, թե՛ Ադրբեջանին, բայց շարունակել է զիջել ԵՄ երկրների միջինին։

 

 

Սույն հոդվածը պատրաստվել է Սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների հայկական կենտրոնի (ACSES)  կողմից «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության աջակցությամբ՝ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող Արևելյան գործընկերության համար ԵՄ բարեվարքության ծրագրի շրջանակում։ Դրա բովանդակության պատասխանատվությունը բացառապես Սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների հայկական կենտրոնինն (ACSES) է և պարտադիր չէ, որ արտացոլի ԲԿԳ կամ ԵՄ դիրքորոշումները։

Կիսվել

Ընթերցեք նաև

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

ACSES-ը վերլուծական կենտրոն է, որի նպատակն է օժանդակել հանրային քաղաքականության մշակմանը սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների միջոցով։

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

© 2021 | Բոլոր իրավունքները պաշտպանված են