2021թ․ հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի ապրանքային արտահանումը եղել է շուրջ $2.1 մլրդ, ինչը գերազանցում է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի ցուցանիշը $314.3 մլն-ով կամ 17.2%-ով, ընդ որում՝ 2021թ-ի դիտարկվող ժամանակահատվածում արտահանման 35.2%-ը բաժին է ընկել հանքահումքային արտադրանքին։

2021թ-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին պղինձի, մոլիբդենի խտանյութի և երկաթամիահալվածքի արտահանումն ապահովել է արտահանման 17.2% հավելաճի 11.3%-ային կետը:

2021թ-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի արտահանման ապրանքային կառուցվածքում ամենամեծ մասնաբաժինն ունեցել է հանքահումքային արտադրանքը՝ 35.2%-($753.7 մլն), որին հաջորդում են՝ պատրաստի սննդի արտադրանքը՝ 19.5% ($418 մլն), ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրերը՝ 11.7% ($249.6 մլն), թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրերը՝ 10.5% ($224.8 մլն)։

2021թ․ հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի ապրանքային արտահանումն աճել է $314.3 մլնով, որին առավել շատ նպաստել են հետևյալ ապրանքային խմբերը ՝ պղնձի խտանյութ ($127.1 մլն), երկաթամիահալվածք ($45.1 մլն), ոսկերչական իրեր ($34.9 մլն), մոլիբդենի խտանյութ ($34.7 մլն) և ադամանդե քարեր ($33.3 մլն)։ Ընդհանուր առմամբ, դիտարկվող ժամանակահատվածում Հայաստանի ապրանքային արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 17.2%-ով, որից 7%-ային կետը պայմանավորված է եղել պղնձի խտանյութի արտահանման աճով: Ի տարբերություն պղնձի խտանյութի՝ ոսկու (դորե) արտանումը կրճատվել $121.6 մլն-ով, ինչը թերևս պայմանավորված է Սոթքի հանքավայրի արդյունահանման ծավալների կրճատմամբ։ 

Պղինձի խտանյութի արտահանումն աճել է միջազգային գների բարձրացման հաշվին

2021-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանից արտահանվել է 74,220.5 տոննա պակաս պղինձի խտանյութ, քան նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում, սակայն դոլարային արտահայտությամբ արտահանումն աճել է 27.6%-ով կամ 127 մլն դոլարով։ Սա նշանակում է, որ դոլարային արտահայտությամբ արտահանումը աճել է միջազգային գների բարձրացման շնորհիվ։

 

2021-ի հունվար-մայիս ամիսներին միջազգային շուկաներում պղնձի գինը աճում էր աննախադեպ բարձր տեմպերով՝ մայիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գրեթե կրկնապատկվելով ($5,240/տ-ից միջին գինը հասել էր $10,162/տ-ի)։ Չնայած մայիս-սեպտեմբեր ամիսների պղնձի գինը միջազգային շուկաներում սկսել է նվազել, այնուամենայնիվ շարունակում է մնալ ավելի բարձր, քան նախորդ տարի։ Օրինակ, 2021-ի սեպտեմբերի ընթացքում պղինձի միջին գինը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գրանցել է 39% աճ ($6,705/տ-ից հասնելով $9,325/տ-ի)։

 

Չնայած հունվար-սեպտեմբերին Հայաստանի արտահանման հիմնական ապրանքատեսակի՝ պղինձի խտանյութի, արտահանումը աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, մայիս-սեպտեմբերին արտահանման աճի տեմպը սկսել է նվազել, իսկ սեպտեմբերին պղնձի խտանյութի արտահանումը նույնիսկ անկում է ապրել նախորդ տարվա սեպտեմբերի նկատմամբ՝ ինչպես դոլարային, այնպես էլ բնեղեն արտահայտությամբ, ինչը կարող է պայմանավորված լինել հետընտրական շրջանում ԶՊՄԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակով։ Համենայն դեպս, ըստ ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենի նախկին առաջին տեղական Վահե Հակոբյանի՝ իշխանությունները խոչընդոտում են խտանյութի արտահանումը։

Աղբյուր՝ պատրաստված է ՀՀ ՎԿ և ycharts.com տվյալների հիման վրա

Դեպի Ռուսաստան եվ Չինաստան արտահանումը աճել է, դեպի Շվեյցարիա՝ նվազել

Դիտարկվող ժամանակաշրջանում ՀՀ արտահանման կեսից ավելին (52.7%) բաժին է ընկել երեք երկրների՝ Ռուսաստան (արտահանման 25.5%-ը կամ 594.2 մլն դոլար), Չինաստան (14.1% կամ 301․6 մլն դոլար) և Շվեյցարիա (11% կամ 234․2 մլն դոլար): Ընդ որում դեպի Ռուսաստան արտահանման ծավալները նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացել են 27.4%-ով (127.8 մլն դոլարով), դեպի Չինաստան արտահանումը աճել է 59.3%-ով (112.3 մլն դոլարով), այնինչ դեպի Շվեյցարիա արտահանման ծավալները նվազել են 37.7%-ով կամ 141.8 մլն դոլարով։

Դեպի Չինաստան արտահանման աճը պայմանավորված է պղնձի արտահանման աճով՝ հաշվի առնելով, որ այս երկիրն է հանդիսանում Հայաստանից տվյալ ապրանքի հիմնական ներմուծողը, իսկ դեպի Շվեյցարիա արտահանման անկումը՝ ոսկու արտահանման կրճատմամբ։ Ռուսաստանի դեպքում, արտահանման աճը պայմանավորված է հիմնականում մշակող արդյունաբերության և գյուղատնտեսության ապրանքների արտահանման աճով, մասնավորապես, ալկոհոլային խմիչքների, թարմ ձկան և ծիրանի։ 2021-ի հունվար-օգոստոսին դեպի Ռուսաստան արտահանվող հիմնական ապրանքատեսակի՝ ալկոհոլային խմիչքների (կոնյակ, ռոմ, ջին, լիկյոր), արտահանումը աճել է շուրջ 13%-ով, թարմ ձկան արտահանումը, որը Հայաստանից Ռուսաստան արտահանվող երկրորդ խոշոր ապրանքատեսակն է, աճել է 35.2%-ով, իսկ՝ ծիրանի, բալի, դեղձի, կեռասի, հոնի արտահանումը շուրջ 43%-ով աճել են։

 

Ամփոփելով պետք է նշել, որ ի հեճուկս կառավարության նպատակներին՝ մեծացնելու բարդ ապրանքների արտահանումը և բարձրացնելու երկրի արտահանման տնտեսական բարդության գործակիցը, 2021թ-ի հունվար-սեպտեմբերին արտահանումը հիմնականում աճել է այնպիսի ապրանքախմբերի հաշվին, որոնց բարդության գործակիցն ավելի ցածր է (պղնձի խտանյութ՝ -1.95, մոլիբդենի խտանյութ՝ -0.529), քան երկրինը (-0.27)։

Կիսվել

Ընթերցեք նաև

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

ACSES-ը վերլուծական կենտրոն է, որի նպատակն է օժանդակել հանրային քաղաքականության մշակմանը սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների միջոցով։

Բաց մի՛ թողեք վերջին նորությունները

© 2021 | Բոլոր իրավունքները պաշտպանված են