- Հայաստանում մշտական բնակչության թվաքանակը 2024 թ-ի հոկտեմբեր 1-ի դրությամբ կազմել է 3 միլիոն 67 հազար մարդ, ինչը 2.5%-ով կամ շուրջ 76 հազարով ավել է տարեսկզբի համեմատ։ Ընդ որում, մարզային քաղաքների բնակչությունը աճել է 3.8%-ով, Երևանինը՝ 2.7%-ով, իսկ գյուղական բնակչությունը՝ 1.4%-ով։ Բնակչության թվի աճը հիմնականում պայմանավորված էր Արցախից բռնի տեղահանված բնակչության ներհոսքով։
- Դիտարկվող ժամանակահատվածում մարզային քաղաքների շրջանում բնակչության թվի ամենամեծ աճը գրանցվել է Մասիսում (4,500 մարդ), որին հաջորդում են Աբովյանը (3,100 մարդ), Արտաշատը (2,900 մարդ), Հրազդանը (2,800 մարդ) և Աշտարակը (2,000 մարդ)։ Երևան քաղաքի բնակչությունը աճել է շուրջ 30,000-ով։
- 2024 թ-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ մարզային 48 քաղաքներում ապրում է 840 հազար մարդ, բնակչությամբ ամենամեծ քաղաքը Գյումրին է՝ մոտ 115 հազար, իսկ ամենափոքրը՝ Սյունիքի մարզի Դաստակերտ քաղաքը՝ 300 բնակչով։
- Մշտական բնակչության թվաքանակում հաշվառվում են այն անձինք, ովքեր վերջին մարդահամարի տվյալներով մշտապես բնակվում են տվյալ տարածքում, ներառյալ մարդահամարի պահին ժամանակավոր բացակայողները։ Մարդահամարին հաջորդող ամեն տարվա ընթացքում այս տվյալներին ավելացվում են տվյալ տարածքի ծնվածների և հաշվառվածների թվաքանակը, հանվում են մահացածների և հաշվառումից հանվածների թվաքանակը։